AM
4 Մայիս 2026 - 08:20 AMT

Կալասը՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին․ ՀՀ-ն ինքը կորոշի

Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը, պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ն ինքը կորոշի:

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», – ասել է նա, հայտնում է «Ազատությունը»:

Եվրոպական խորհրդարանում 2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն երկկողմ կապերին, ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ այնքան, որքան դա ընդունելի կհամարվի ԵՄ-ի կողմից։

«Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

2025թ. մարտին Հայաստանը ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել նույն տարվա ապրիլին։