Արցախցիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ բողոքի ակցիա են արել Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Մարզահամերգային համալիրի մոտ։ «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին», «Ձեր լռությունը տաճարներ է քանդում», «Արցախը Հայաստան է», «ԵՄ-ին՝ այո՛, Փաշինյանին՝ ո՛չ», «Վերադարձրեք 19 քրիստոնյա հայերին», «ազատություն հայ գերիներին» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ են պահել ձեռքերում, հայտնում է Sputnik Արմենիան:
Ակցիային մասնակցող Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանըասել է․ «Բոլորս գիտենք, ընդ որում նաև եվրոպացի առաջնորդները գիտեն, որ մեր հանդեպ տեղի են ունեցել զանգվածային ոճրագործություններ։ Քաղաքական գործիչների մի մասը և փորձագետների մի մասը ասում են՝ ցեղասպանություն, մյուս մասը՝ էթնիկ զտում՝ պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելին», հայտնում է Factor.am-ը:
Նա ընդգծել է, որ անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից՝ Արցախի ժողովուրդը շարունակում է ունենալ ինչպես վերադարձի իրավունք, այնպես էլ այդ իրավունքն իրացնելու հստակ ձգտում։
Ակցիայի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել իրական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու նշված իրավունքի իրագործումը։
«Ձեր ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը Հայաստանը խախտում է։ Վե՛րջ տվեք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ․) հովանավորելուն, որպեսզի կարողանա մեր դեմ ավելի զորեղ ու զինված պայքարել։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք Հայաստանում ապրել արժանապատիվ և վերադառնալ Արցախ»,- դիմելով եվրոպացի պաշտոնյաներին՝ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Արցախցիները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվում դեռ պահվում են հայ գերիներ և պահանջել են, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյաննանգլերենով դիմել է եվրոպացի պաշտոնյաներին՝ նշելով, որ հայկական հյուրընկալության, ջերմ ընդունելության, ինչպես նաև ժպիտների ու ձեռքսեղմումների ետևում նրանք չեն նկատում այն ցավը, որն ապրում է հայ ժողովուրդը։
«Դուք չեք տեսնում դա, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունը չի արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, ապրումներն ու ցավը։ Դուք պետք է իմանաք, որ Բաքվում պահվող հայ գերիներն ուղղակի բանտարկված են իրենց ազգության համար, նրանց միակ «հանցանքը» հայ լինելն է։ Մի փակեք ձեր աչքերը, մի փակեք ձեր ականջները։ Հայ ազգը սա է պահանջում ամբողջ աշխարհից»,- ասել է Թանդիլյանը։
Բողոքի ակցիային մասնակցել են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Միասնության թևեր» նախաձեռնության։
Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։





