AM
4 Մայիս 2026 - 08:48 AMT

ԱԳ փոխնախարար․ Կարելի է ասել` այսօր ՀՀ-ն Եվրոպայի սիրտն է

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում նշել է՝ «կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է»:

Նա նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում միավորվել են այն հարցերը, որոնք Հայաստանի համար ունեն ազգային նշանակություն, ինչպես նաև եվրոպական լայն օրակարգին վերաբերող թեմաները, հայտնում է Aysor.am-ը:

«Հիմնական քննարկումներն ու ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները և ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը և էներգետիկան»,-ասել է նա։

Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։