AM
4 Մայիս 2026 - 08:56 AMT

Զելենսկի․ ՀՀ-ին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն ենք մաղթում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստում ունեցած ելույթում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։

«Սա շատ կարևոր է։ Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը տևական կլինի»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նա հավելել է, որ չափազանց շատ երկրներ են ներկա, և կարևոր է, որ Հայաստանը հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին։

Մարզահամերգային համալիր մուտք գործելուց առաջ նա պատասխանել էր մի քանի հարցերի, սակայն անպատասխան է թողել հայ լրագրողի հնչեցրած հարցը՝ «ինչու՞ Բաքվին ռումբեր տվեցիք, որ հարվածի մեզ», հայտնում է Aysor.am-ը:

Զելենսկին Telegram-ի իր էջում, անդրադառնալով Երևան այցին և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցությանը, նշել է, որ սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է ՀՀ վերջին 24 տարվա ընթացքում, գրում է Auroranews.am-ը:

«Առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում, որը ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը՝ նրանց, ովքեր կարևորում են կյանքը»,- շեշտել է նա։

Զելենսկին փաստել է, որ այս ժամանակահատվածում թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում նոր սերունդ է մեծացել, սակայն, չնայած տևական դադարին, այցն ինքնին ունի քաղաքական կարևոր նշանակություն։

Նա նաև շեշտել է, որ իր ժամանումը Երևան տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցում են միջազգային և եվրոպացի բազմաթիվ առաջնորդներ։ Ըստ Զելենսկու՝ այս հանգամանքը մեծացնում է իրադարձության կշիռը՝ ստեղծելով միջազգային երկխոսության լրացուցիչ հարթակ։

Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։