AM
4 Մայիս 2026 - 09:08 AMT

Թուրքիայի փոխնախագահը ևս Երևանում է, կժամանի նաև Քըլըչը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան, որտեղ նրան դիմավորել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Panorama.am-ը:

Թուրքիայի փոխնախագահը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը պաշտոնական հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն որոշվել է, որ նրա փոխարեն փոխնախագահը կգա Երևան։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` 2008 թվականի այցից հետո Յըլմազը թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ գալիս է Հայաստան։

Մայիսի 5-6-ը կայանալիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին մասնակցություն են հաստատել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Հարավային Կովկասում խաղաղության թեմային նվիրված պանելային քննարկմանը ներգրավված են լինելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, հայտնում է «Ազատությունը»:

Քննարկմանը ելույթ է ունենալու նաև ադրբեջանցի բանախոս՝ Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը, ով քաղաքացիական հասարակության այցերի շրջանակում արդեն այցելել է Երևան։

Ֆորումին մասնակցությունը հաստատել են նաև թուրք և ադրբեջանցի այլ փորձագետներ։ Թուրքիայից Երևան է ժամանելու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մերվե Կավակչին։

Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։