AM
4 Մայիս 2026 - 09:11 AMT

Մակրոն. Ալիևի հետ կքննարկեմ Բաքվում պահվող հայերի հարցը

Երևանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ևս մանրամասն անդրադարձ է լինելու այդ թեմային, հայտնում է News.am-ը:

«Այս ուղևորությունից անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նաև նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք կատարել մեր դերը՝ միջնորդելու և օգնելու համար։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի հանդեպ հարգանքին, և ես շատ ուրախ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատվել է լարվածության նվազում և սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է աջակցել խաղաղության և կայունության այս նոր փուլին։ Այնպես որ, պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք՝ իրավիճակը բարելավելու համար»,- նշել է Մակրոնը։

Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։