Եվրոպայի խորհուրդը երբեք չի փոխի իր որդեգրած դիրքորոշումները, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով իր ելույթում քննադատել է Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին՝ հայամետ բանաձևերի համար։
Մեցոլան արտահերթ ելույթ է խնդրել՝ ընդգծելով, որ նման քննադատությունները չպետք է մնան առանց արձագանքի, հայտնում է Sputnik Արմենիան:
Ալիևը, որը գագաթնաժողովին միացել է առցանց ձևաչափով, հայտարարել է, թե Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը՝ պնդելով, որ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։
«Կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք»,– ասել է Ռոբերտա Մեցոլան։
Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակում։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային երաշխիքների ներքո, ինչպես նաև պահանջել է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և առաջարկել իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։





