AM
4 Մայիս 2026 - 10:48 AMT

Կոշտա․ Գագաթնաժողովը հնարավոր է դարձել ՀՀ և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը պատմական է մի քանի պատճառներով, հայտարարել է իր ելույթում հայտարարեց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, նաև, որ համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև:

«Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է»։

Այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, և դրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհով։

Փոխկապակցված ռազմավարական արդյունաբերական ոլորտները, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվանշային ցանցը և էներգետիկ փոխկապակցվածությունն այսօր ավելին են, քան պարզապես ապրանքներ։ Նրանք վստահություն են ձևավորում, ստեղծում աշխատատեղեր և հարևաններին հնարավորություն տալիս կապվել պրակտիկ գործընկերային հարաբերությունների և համատեղ աճի ներքո։

Եվրամիությունը պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ և այս տեսլականը դարձնել իրողություն՝ ապահովելով այս պահի անդառնալիությունը խաղաղության և հնարավորությունների, բարգավաճման։ Կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների և ապատեղեկատվության դեմ։ Հայկական ժողովրդավարության ապագան միայն Հայաստանի քաղաքացիների ձեռքում է»,- ընդգծել է Կոշտան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տարիներ առաջ Հայաստանը այլ կերպ է ընկալվել միջազգային հանրության կողմից՝ նշելով, որ «ոթ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», հայտնում է Aysor.am-ը:

«Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց ապառիսկայնացնել երկիրը»,- նշել է նա։

Մակրոնի խոսքով՝ այս ամենի արդյունքում Հայաստանը շահել է։

Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։