AM
4 Մայիս 2026 - 11:16 AMT

«Հայաստան» դաշինքը ԵՄ պաշտոնյաներին կոչ է անում աչք չփակել «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի վրա»

«Հայաստան» դաշինքը կոչ է արել Եվրամիությանը աչք չփակել «ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների, ժողովրդավարության տապալման վրա»։ Դաշինքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հավաքվել են Մերգելյան այգում, այնուհետև երթով շարժվել դեպի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցնում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

«Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում դեմոկրատիայի հետընթացին ու արդեն անթաքույց միահեծան բռնապետության հաստատմանը։ ՀՀ-ում մենք այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատում են, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորում են։ Այս համատեքստում իրականում հանցանք կատարած անձանց դեմ երբեմն քրեական գործեր են հարուցվում, բայց այլ ընթացք չի լինում, օրինակ` հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդի դեպքում։ Եթե Եվրոպան իրական բարեկամ է, ապա չի կարող աչք փակել այս ամենի վրա»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն պատկերացումը, թե ՀՀ իշխանությունը ներկայացնում է երկիրը որպես ժողովրդավարության պաշտպան, իսկ ընդդիմությանը՝ որպես արտաքին ազդեցության գործակալ։

Խաչատրյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, հերթական անգամ վկայում են այդ երկրի թշնամական մոտեցման մասին։ Նրա խոսքով՝ Ալիևը օգտագործել է հարթակը՝ հայկական իրականությունն ու պատմությունը խեղաթյուրելու նպատակով։

Մասնակիցներից մի քանիսը պահել են պաստառներ՝ տարբեր կոչերով։ Պաստառներից մեկի վրա պատկերված են եղել կապիկներ, որոնցից մեկի աչքերը փակ են, մյուսինը՝ բերանը, երրորդինը՝ ականջները, և գրություններ՝ «ԵՄ-ն ՀՀ-ում», «ԵՄ-ի մարդու իրավունքները ՀՀ-ում»։ Երթի ընթացքում հնչել են վանկարկումներ՝ «Ազատություն Բաքվող պահվող պատանդներին», «Ազատություն հայ քաղբանտարկյալներին»։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գագաթնաժողովը անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։