AM
4 Մայիս 2026 - 11:57 AMT

Փաշինյան. ԵՔՀ ձևաչափն առանցքային դեր ունեցավ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում կարևորել է անցկացվող միջոցառման ձևաչափը՝ նշելով, որ այն առանցքային դեր ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։

«2022-ին Եվրոպական քաղաքական համայնքի՝ Պրահայում անցկացված առաջին գագաթնաժողովի շրջանակում, քառակողմ հանդիպում կազմակերպվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես իրավիճակը փոխող որոշում կայացրեցինք՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի վրա։ Այդ փոխըմբռնման հիման վրա իրատեսական հնարավորություն ստեղծվեց խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդգծվեց ապագա խաղաղության ճարտարապետությունը և հանգեցինք անցյալ տարվա օգոստոսի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին։

Այնտեղ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիրը։ ԱՄՆ նախագահը նույնպես այն ստորագրեց, ստորագրեց՝ որպես վկա։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով։ Դա «Թրամփի ուղին է՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ՝ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը։

Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 12–րդ գագաթնաժողովն այնտեղ կանցկացվի։ Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները։

Պատվարժան հյուրեր, Ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում և տեղի է ունենում նաև հիմա։ Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ վերը նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում։ Եվ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին։ Նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան:

Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ: Սա մեկ այլ պատճառ է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար ևս, հատկապես՝ հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող և բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք:

Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների և խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես»,-ասել է նա»,-ասել է Փաշինյանն իր ելույթում:

Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։