Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ: Կողմերը փոխանակվել են ՀՀ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով:
Վարչապետը կարևորել է Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:
Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:
Քիր Սթարմերը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։





