AM
4 Մայիս 2026 - 13:37 AMT

ՀՀ և Արցախի ՔՀԿ-ները նամակ են հանձնել ԵՄ դեսպանությանը՝ Արցախի էթնիկ զտման հարցով

Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի նախաձեռնությամբ, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԵՄ դեսպանատան մոտ։

Նրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ հանձնակատարներին ուղղված նամակ են հանձնել, որի տակ ստորագրել են 23 կազմակերպություններ։ Նամակում հասարակական գործիչները դատապարտել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները և, իրենց ձևակերպմամբ, «միջազգային հանրության անտարբերությունը», հայտնում է Factor.am-ը:

Հայտարարության հեղինակները պնդել են, որ Արցախի հայաթափումը եղել է քաղաքական դավադրության արդյունք՝ իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել Եվրոպական միությանը ցուցաբերել քաղաքական կամք, հավատարիմ մնալ մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին և քայլեր ձեռնարկել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման և արդարության վերականգնման ուղղությամբ։

Նրանք նաև ընդգծել են, որ առանց արցախահայության իրավունքների վերականգնման տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը, իրենց գնահատմամբ, չի արտացոլում իրական իրավիճակը և քողարկում է տեղի ունեցածը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։