Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի հետ կապելու հարցերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մենք ապահովում ենք 7 երկրի կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում», – նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» թեմայով կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման գործում, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը։
Դրանց շարքում նա ընդգծել է Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքը և Սև ծովի հատակով անցնող ստորջրյա մալուխի նախագիծը։
Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը շարունակում է մնալ երկարաժամկետ կայունության կարևոր նախապայման, և Վրաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Գագաթնաժողովի ընթացքում Կոբախիձեն նաև կարճ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մայիսի 4-ին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են եվրոպական երկրների առաջնորդները։





