AM
5 Մայիս 2026 - 06:31 AMT

Մակրոն․ Ֆրանսիան Հայաստանի կողքին էր, որովհետև դա արդար էր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք, որի ընթացքում նրանք հանդես են եկել բաժակաճառերով:

Մակրոնն իր խոսքում ասել է, որ Ֆրանսիան եղել է Հայաստանի կողքին «այն պատճառով էր, որ դա արդար էր»:

Հիշելով 2022-ի աշունը՝ նա ասել է, որ պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել, իրավիճակը շատ անկայուն էր, իսկ Փաշինյանը «ցուցաբերեց մեծ խիզախություն, քանի որ որոշում էր կայացնում իր երկրի համար»։

«Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ։ Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, և այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։

Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ, երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել և այլ կողմ նայել, նույնիսկ, երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։

Եվ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, երբեք չեն դավաճանել, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դավաճանել իրեն, և կանգնել արդար պայքարի կողքին։

Մեր պատմությունը գալիս է շատ հեռվից։ Այս դահլիճում կան կանայք և տղամարդիկ, որոնց ընտանեկան պատմությունը կապված է մեր երկու երկրների հարաբերությունների հետ․ ոմանք գաղթել են մի քանի սերունդ առաջ, մյուսները՝ իրենց կյանքի ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես բացահայտել են Հայաստանը և սիրել այն՝ առանց արմատներ ունենալու։ Որովհետև մեր երկու երկրների, մեր երկու ժողովուրդների, մեր երկու քաղաքակրթությունների միջև կա մի բան, որը հենց սա է ասում։ Ինչո՞ւ ֆրանսիացի մտավորականները սիրեցին Հայաստանը։ Շատերը երբեք ոտք չէին դրել այստեղ։ Որովհետև նրանց համար անտանելի էր, որ այս երկիրը տարուբերվի մի կայսրությունից մյուսը։ Ինչո՞ւ ֆրանսիական նավատորմը եկավ այստեղ՝ ոչ թե տեսնելու կամ դատապարտելու, այլև փրկելու, որովհետև նրանք կարծում էիր, որ սա այն արդար պայքարն է, որն իրեն հանձնարարել է ֆրանսիական ժողովուրդը։ Ինչո՞ւ այդ տարիներին մենք ընդունեցինք այսքան մարդկանց, և ինչո՞ւ նրանցից շատերը հետո պայքարեցին Ֆրանսիայի համար։ Եվ մենք մեծ պատիվ ունեցանք, և դուք էլ մեր կողքին էիք, Պանթեոնում արժանի տեղ տալու Միսաք Մանուշյանին և Մելինեին, որոնք իրենցով մարմնավորում են այն, ինչ հայերն են տվել Ֆրանսիային»,-ասել է Մակրոնը:

Նա հավելել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը հենց սա է:

«Վաղը ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վերջին տարիներին ձեր կողքին մեր կատարած պաշտպանական ջանքերի արդյունքն է, քանի որ երբեք մեր հարաբերություններն այս մակարդակի չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր մեր երկրների միջև, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։ Եվ շատերը, ովքեր այստեղ են, դեռ կշարունակեն գրել այդ պատմությունը։

Բայց թույլ տվեք ասել, պարոն վարչապետ, պարոն նախագահ, թե որքան մեզ համար այն, ինչ դուք անվանում եք Իրական Հայաստան, անբաժանելի է երազած Հայաստանից, որովհետև շատերն ամեն օր այն երազում են։ Դուք ընտրել եք Եվրոպայում գտնվող, խաղաղ և բարգավաճ Հայաստան։ Եվ հենց այդ Հայաստանն է՝ իր բոլոր երանգներով, մեր ընդհանուր պատմությունը կրող Հայաստանը, որը մենք սիրում ենք և ամբողջությամբ ընդունում։ Որովհետև Եվրոպայի մյուս ծայրում, օվկիանոսի կողմում, երբեք մի մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ձեր երկիրը և ձեր ժողովրդին և միշտ նայում են նրան որպես կրտսեր քույր, որը մեզ շատ բան է տվել և որի կողքին մենք միշտ կլինենք։ Մենք միմյանց ձեռք ենք մեկնում։ Սա ձեր ընտրած եվրոպական ապագան է»,-ասել է Մակրոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում ընդգծել է, որ երկրի ներկայիս զարգացման փուլում Մակրոնի դերակատարությունը եղել է վճռորոշ։ Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն անցում է կատարել գոյատևման օրակարգից դեպի զարգացման օրակարգ՝ ձևավորելով նոր ռազմավարություն, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։

Վարչապետը նշել է, որ այս նոր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ձևավորման կարևորագույն հանգրվան է հանդիսացել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը, որտեղ, նրա բնորոշմամբ, Էմանուել Մակրոնը ցուցաբերել է բացառիկ սկզբունքայնություն և վճռականություն։

«Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ՝ այդպիսի համոզմունք, նվիրվածություն, սկզբունքայնություն և վճռականություն, ես չեմ կարդացել ոչ մի գրքում»,– նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանդիպման ընթացքում ձևավորված մոտեցումները դարձել են Հայաստանի ներկայիս իրականության հիմնասյուներից մեկը։

«Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը»,– ասել է նա՝ նշելով, որ այդ աջակցությունը արտահայտվել է կոնկրետ քայլերով և որոշումներով։

Փաշինյանը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում մի դեպք, երբ Հայաստանի պետական շահերին վերաբերող հարցերում Մակրոնի արձագանքը չլինի արագ, հստակ և գործնական։

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի կողմից Ֆրանսիայի նախագահին շնորհված բարձրագույն պարգևը իրականում հանդիսանում է գնահատանքի դրսևորում այն նշանակալի ծառայության համար, որը Մակրոնը մատուցել է Հայաստանին։

Պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։