AM
5 Մայիս 2026 - 07:06 AMT

Փաշինյանը, Կոշտան և Մարտինը ԵՔՀ գագաթնաժողովին նվիրված նամականիշ են մարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ավարտին նամականիշ են մարել՝ նվիրված «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում» թեմային։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված տարբերանշանը: Նամականիշի ներքևի հատվածում հայերենով առկա է «ԵՔՀ գագաթնաժողով 04.05.2026 Երևան» գրառումը:

Նրանք նաև հանդես են եկել ԶԼՄ-ների համար ամփոփիչ հայտարարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․ «Պատիվ ունեմ նշելու, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքն այսօր Երևանում՝ մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։ Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, անկեղծ երախտիքս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության և գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում՝ գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման և, մասնավորապես՝ երկու գործընկերների, ովքեր ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։

Ես նաև պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հեռակա մասնակցությունը և Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը։ Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ, անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների կարիք կա՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում։

Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը։ Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական և էներգետիկ ուղղություններով։

Մենք ընդգծել ենք սրանք՝ որպես ընդհանուր առաջնահերթություններ: Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը: Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը:

Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը, և համագործակցությունն ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին։

Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։

Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումն ավելի լայն տարածաշրջանում։ Տվյալ գագաթնաժողովը վերահաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման և առավել լավ համակարգված և առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։ Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաև կամրապնդեն մեր փոխգործակցությունը և փոխընկալումը։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով՝ նշել, որ գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում՝ ևս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը։ Երախտիքս հայտնում եմ նաև տեղական և միջազգային լրատվամիջոցներին, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով»,-ասել է Փաշինյանը:

Նա շնորհակալություն է հայտնել նաև Կոշտային կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու և այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։

Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։