Տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահի առաջին այցը ՀՀ վերջին 24 տարվա ընթացքում, գրել է Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով իր մասնակցությանը ԵՔՀ երևանյան գագաթնաժողովին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավերի համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերականգնում ենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը»,-գրել է նա:
Նա հավելել է, որ քննարկել իրավիճակը տարածաշրջանում:
«Ես վարչապետին ներկայացրեցի իրական խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Մենք նաև քննարկեցինք մեր տնտեսական գործընկերության զարգացումը։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի Կիևում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ՝ կարևորելով կայուն և երկարատև խաղաղության խթանման անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։





