AM
5 Մայիս 2026 - 07:37 AMT

Զելենսկին «լռության ռեժիմ» է սահմանել մայիսի 6-ի գիշերը՝ ի պատասխան ՌԴ միակողմանի հրադադարի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 6-ի գիշերը կգործի «լռության ռեժիմ»՝ արձագանքելով Ռուսաստանի կողմից մայիսի 8-9-ին միակողմանի հայտարարված հրադադարին։

«Մենք կարծում ենք, որ մարդկային կյանքն անհամեմատ ավելի մեծ արժեք է, քան ցանկացած տարեդարձի «տոնակատարությունը»», – գրել է նա Telegram-ում մայիսի 4-ին։

Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները մինչ այժմ պաշտոնապես չեն դիմել Ուկրաինային հրադադարի պայմանների վերաբերյալ և իրենց մտադրությունների մասին խոսել են միայն սոցիալական հարթակներում։ Նրա խոսքով՝ Կիևն այսպիսով կիրառում է համարժեք քայլեր, իսկ Մոսկվան դեռ ժամանակ ունի «ապահովելու լռության հաստատումը», գրում է Deustche Welle-ն:

«Ժամանակն է, որ ՌԴ ղեկավարներն իրական քայլեր կատարեն իրենց պատերազմն ավարտելու համար, եթե արդեն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ չի կարող անցկացնել շքերթ Մոսկվայում առանց Ուկրաինայի բարի կամքի», – հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ նույն օրը Ռուսաստանը միակողմանի հայտարարել է հրադադար մայիսի 8-ին և 9-ին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է «խորհրդային ժողովրդի հաղթանակի տոնակատարությամբ Հայրենական մեծ պատերազմում»։

Միևնույն ժամանակ, Մոսկվայում ակնկալում են, որ ուկրաինական կողմը նույնպես կդադարեցնի հարվածներն Ռուսաստանի տարածքի նկատմամբ։ Ռուսական կողմը նաև նախազգուշացրել է, որ հրադադարի խախտման դեպքում կարող է հարվածներ հասցնել Կիևի կենտրոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ՊՆ-ն ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների վրա՝ Մոսկվան հարձակման ենթարկելու վերաբերյալ հենց մայիսի 9-ին։ Նախարարությունը նաև նշել է, որ ռուսական զինված ուժերը ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցները տոնակատարությունների ընթացքում, իսկ հակառակ դեպքում խոստացել են իրականացնել պատասխան լայնածավալ հրթիռային հարված Կիևի կենտրոնին։ Քաղաքացիական բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հորդորել են ժամանակին լքել քաղաքը։

Ապրիլի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում առաջարկվել է կարճաժամկետ հրադադար։ Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմը հայտնել է նման պատրաստակամության մասին, իսկ ամերիկյան կողմը աջակցել է նախաձեռնությանը։

Իր հերթին Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հենց ինքն է առաջարկել սահմանել «փոքր հրադադարի ռեժիմ»։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է երկարաժամկետ հրադադարի հաստատմամբ՝ «ապահովելու մարդկանց համար հուսալի անվտանգություն և երկարատև խաղաղություն», այլ ոչ թե «մի քանի ժամ անվտանգություն Մոսկվայի շքերթի համար»։

Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ուկրաինական անօդաչու սարքերի հարվածների ակտիվացման ֆոնին որոշվել է հրաժարվել մայիսի 9-ի Մոսկվայի շքերթում ռազմական տեխնիկայի մասնակցությունից, իսկ մայրաքաղաքի բնակիչներին նախազգուշացվել է կապի սահմանափակումների մասին առաջիկա օրերին։

2025-ին հրադադարը գործել է մայիսի 8-ից մինչև 10-ը ներառյալ։