Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Էմանուել Մակրոնն ու Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա պատվիրակությունների մյուս անդամների հետ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։ Այնուհետև Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, հայտնում է Արմենպրեսը:
Ֆրանսիայի նախագահի այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մայիսի 5-ին մեկնարկել է Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույց, որին հաջորդելու է երկու երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդես են գալու ԶԼՄ-ների համար հայտարարություններով։
Այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելելու է նաև Գյումրի, որտեղ նրանք մասնակցելու են հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգին։





