ԵՄ-ն արդեն 2․5 մլրդ եվրո նախատեսել է Հայաստանի ներդրումային ծրագրում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ:
«Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են։
Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում՝ դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ Եվրոպայի և Հայաստանի միջև, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2.5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:





