AM
5 Մայիս 2026 - 09:36 AMT

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։

Հռչակագրում նշվում է, որ ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025թ․ մարտին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի» մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը՝ շարժվելու դեպի ԵՄ։

ԵՄ-ն վերահաստատել է, որ «Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով՝ իր քաղաքացիների կողմից»։

Փաստաթղթում վերահաստատվել է Եվրամիության պատրաստակամությունը խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպես նաև աջակցել երկրի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և համապարփակ բարեփոխումների իրականացման օրակարգին։

Նշվել է նաև, որ 2026 թվականի մայիսի 5-ին անցկացված գագաթնաժողովը ծառայել է որպես կարևոր հարթակ՝ երկկողմ համագործակցությունը կապի, էներգետիկայի, տրանսպորտի և թվային ոլորտներում առավել ամրապնդելու համար։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։

Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։

Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը: Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։