AM
5 Մայիս 2026 - 10:12 AMT

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջընթացի զեկույցը փոխանցվել է ՆԳ նախարարին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը:

Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի գրանցած առաջընթացը՝ ընդգծելով իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում։

Միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված բացերի լրացմանը և գործընթացի արդյունավետ շարունակությանը, հայտնում է 1lurer.am-ը:

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը ՆԳՆ համակարգմամբ սկսել է իրականացնել պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունները, իսկ փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ուղղությամբ աշխատանքները հասել են առաջանցիկ փուլ։

Զեկույցում մանրամասն ներկայացվել են ձեռքբերումները մի շարք ոլորտներում՝ ներառյալ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, հանրային անվտանգությունը և հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի չորս ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը.

Փաստաթղթերի անվտանգություն. Կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը ևս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման և օգտագործման հարցում։

Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ևս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը և ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և ոչ ԵՄ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։

Հասարակական կարգ և անվտանգություն. 2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։

Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրն ընդունվելու է 2026թ-ին և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։ Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին և լավագույն փորձին։

Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։

Եվրոպական հանձնաժողովը, դրական գնահատելով առաջընթացը, ընդգծել է, որ հետագա գնահատումը հիմնվելու է կոնկրետ արդյունքների վրա և կախված է բոլոր չափանիշների լիարժեք իրականացումից։

Հանձնաժողովը շարունակելու է հետևել ծրագրի իրականացման ընթացքին՝ ներգրավելով ԵՄ անդամ երկրների փորձագետներին և կազմակերպելով լրացուցիչ գնահատման առաքելություններ Հայաստանում։

Արձանագրվել է նաև, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումներին՝ տրամադրելով տեխնիկական և ֆինանսական օժանդակություն, այդ թվում՝ «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում։

Վերլուծության արդյունքում եզրակացվել է, որ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների և միգրացիայի կառավարում, ինչպես նաև ապաստանի ոլորտներում Հայաստանը գտնվում է ծրագրի իրականացման առաջանցիկ փուլում, իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ուղղություններով արձանագրել է կայուն առաջընթաց։

Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս ընդգծել է զեկույցի կարևորությունը՝ բարձր գնահատելով վերջին ամիսներին կատարված աշխատանքը և վստահություն հայտնելով, որ գործընթացը հաջողությամբ շարունակվելու է։