ՀՀԿ փոխնախագահ Հայկ Մամիջանյանը նախագահական նստավայրի մոտ անցկացված ակցիայի ընթացքում դիմել է Հայաստանում գտնվող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է Panorama.am-ը:
«Բարով եք եկել Հայաստան՝ մի երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որտեղ իշխանություն կոչեցյալները հարձակվում են, պայքարում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
Դուք եկել եք մի երկիր, որի, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 200 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից, որի զավակաները Բաքվի բանտերում տանջվում են։
Դուք եկել եք մի երկիր, որի իշխանություններ կոչեցյալը մինչ օրս չգիտեն, թե քանի անհետ կորած կա մեր երկրից։ Մենք բացարձակ հույս չունենք, որ կառավարիչները դրա մասին կխոսեն։ Կառավարիչները նույնիսկ չեն խոսում, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվից այստեղ տեսակապով հաթաթա է տալիս»,- ասել է նա։
Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արմեն Աշոտյանը` խոսքն ուղղելով ՀՀ-ում գտնվող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Հայաստանում ուրախ են ձեզ տեսնել, բայց ուրախ չեն տեսնել որպես Փաշինյանի նախընտրական շոուի մի մասը»,- ասել է նա։
Մամիջանյանը նշել է, որ ակցիային մասնակցել են մարդիկ, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների և քրիստոնեա-դեմոկրատական արժեքների պաշտպաններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։





