Եվ Հայաստանում, և Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին: Նա այդ մասին ասել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ՝ նշելով, որ մոտ 40 տարի Հայաստանը և Ադրբեջանը ապրել են թշնամության միջավայրում, հայտնում է 1lurer.am-ը:
«Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել, և, վե՛րջ, թշնամություն այլևս գոյություն չունի, միայն խաղաղություն է…Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է, որովհետև, էլի եմ ասում, այդ գործընթացը հնարավոր չէ, եթե նույնիսկ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լիներ, որովհետև խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է, ինչ տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում:
Թո՛ւյլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, իհարկե, թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել:
Հետևաբար, ես վստահ եմ, որ կհասնենք այդ կետին, երբ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին մենք խաղաղության համաձայնագիրը կստորագրենք»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը չի նշանակելու գործընթացի ավարտ, քանի որ անհրաժեշտ է լինելու շարունակել աշխատանքը տարբեր ուղղություններով և կնքել նոր համաձայնագրեր։
«Այս առումով չափազանց կարևոր է TRIPP նախագիծը, և չափազանց կարևոր են այն նախագծերը, որոնք քննարկվում են ԵՄ-ի հետ: Հենց աշխարհագրական դիրքի վերաբերյալ խոսույթը դրա մասին է, որ երբ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի (իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա շատ ակնհայտ է), դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է:
Ընդ որում՝ մենք մեր ճանապարները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի և ազատ բեռնափոխադրումների, երթևեկության համար երկկողմ առևտրի իմաստով, Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի ճանապարհներով՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ այս համատեքստում առկա է զգալի ներուժ նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։ Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։





