AM
5 Մայիս 2026 - 12:07 AMT

ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում, հայտնում է Արմենպրեսը:

Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։

Կողմերը ստորագրել են նաև մի շարք համաձայնագրեր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնություններ են ձեռք բերվել նաև ռազմական տեխնոլոգիաների զարգացման, պաշտպանական համակարգերի հետազոտման և ռազմական համազգեստի մատակարարման ուղղություններով, հայտնում է Sputnik Արմենիան:

Կողմերը պայմանավորվել են տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման, հայկական ավիաընկերությանը երկու А321-200NX ինքնաթիռների վաճառքի, ինչպես նաև Հայաստանի հարավում Բարգուշատի թունելի կառուցման շուրջ։

Նաև ստորագրվել են վարկային, տնտեսական և մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գտնվում է Հայաստանում պետական այցով։ Նա մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Այցի ընթացքում Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մատենադարան, իսկ երեկոյան նախատեսված է նրա մասնակցությունը Գյումրիում կազմակերպվող համերգին։