AM
5 Մայիս 2026 - 12:12 AMT

Քըլըչն ասել է, որ սահմանի բացման ժամկետի հարցը դեռ չի քննարկվել, և որ ՀՀ-ում իրեն զգում է ինչպես տանը

Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը, հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում:

«Մենք արդեն որոշել ենք՝ երբ ժամանակը գա, բոլոր մանրամասները քննարկվեն, ամեն ինչ կատարվի, կբացենք սահմանը։ Շինարարությունը գրեթե ավարտված է, բայց պետք է լուծել որոշ հարցեր՝ մարդկանց իրազեկել այդ մասին, միացնել ինտերնետը և այլն։ Մենք դեռ ժամանակ ունենք սահմանի ամբողջական վերականգնման համար»,- ասել է Քըլըչը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ խոչընդոտ չկա, միայն տեխնիկական և բյուրոկրատական խնդիրները պետք է լուծել։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պնդել է՝ իրենք դրա համար քաղաքական կամք ունեն ու այդ մասին դեռ 2022 թվականին են հայտարարել։

Սահմանի բացման ժամկետների վերաբերյալ հստակեցնող հարցին ի պատասխան՝ Քըլըչը նշել է, որ չի ցանկանում գնահատական տալ, որպեսզի չմոլորեցնի հանրությանը։

Լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն զգում Հայաստանում, նա պատասխանել է. «Զգում եմ ինձ ինչպես տանը»։

Սերդար Քըլըչը Հայաստանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին, որին նախորդել են Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։