Առաջին անգամ է, երբ հնարավորություն կա խոսելու Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մասին, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան «Երևանյան երկխոսություն» համաժողովում։
Նա հավելել է, որ 35 տարի սպասել ենք այս պահին, հայտնում է Factor.am-ը:
«Երբ մենք խոսում ենք Հարավային Կովկասի և փոխկապակցվածության մասին, նախ ուզում եմ խոսել հենց Հարավային Կովկասի մասին: Հայաստան, Ադրբեջան, Վրաստան՝ արդեն երեք տասնամյակից ավելի անկախ հանրապետություններ ենք: Այս տարածաշրջանը շատ ողբերգությունների միջով է անցել՝ հակամարտություններ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք, տնտեսական քաոս: Եվ արդյունքում դեռ զարգացման ճանապարհին ենք»,- նշել է նա
Դարսալիայի խոսքով՝ նախկինում տարածաշրջանը դիտարկվել է միայն որպես աշխարհագրական հասկացություն, մինչդեռ այժմ առաջին անգամ ձևավորվել է այն որպես իրական քաղաքական և տնտեսական միավոր։
«Սա շատ կարևոր է Վրաստանի համար: Սա չի շնորհվել, մենք նույնիսկ չենք էլ հասել այս ամենին, մենք ճանապարհին ենք: Վրաստանի համար տարածաշրջանային համագործակցությունը շատ կարևոր է: Հարավային Կովկասը շատ կարևոր է Վրաստանի համար: Այս անգամ կարող ենք ասել, որ մենք սպասել ենք այս պահին վերջին 35 տարին՝ ունենալով այս հնարավորությունը խոսելու տարածաշրջանային համագործակցության մասին: Որպես տարածաշրջան, ոչ երկկողմանի. Վրաստանը շատ լավ հարաբերություններ է ունեցել մեր բոլոր հարավային գործընկերների հետ, Թուրքիայի հետ, բայց սա առաջին անգամն է, երբ հնարավորություն ունենք մենք տարածաշրջանի մասին խոսելու, որը, կարծում եմ, շատ կարևոր հիմք կլինի փոխկապակցվածության համար, ապագայի համար:
Քանի որ երկկողմանի հարաբերությունները միայն բավարար չեն գրավիչ լինելու արտաքին աշխարհի համար: Եթե ունենք պատշաճ տարածաշրջանային փոխկապակցվածության ուղիներ, սա գրավիչ կդարձնի Հարավային Կովկասը, դա գրավիչ հանգույց կդարձնի արտաքին աշխարհի համար, որ ներդրումներ կատարեն և մեր տարածաշրջանի ներսում կատարվող գործընթացների մի մասը լինեն: Սա է, ինչ ուզում եմ ասել մեծապես: Մեր մոտիվացիան մեծ է, մեծապես հետաքրքրված ենք էլ ավելի առաջ տանելու այս տարածաշրջանային համագործակցությունը: Վրաստանը գիտեք, որ ևս ներդրում է արել մեծապես այս ամենում և մեծ ակնկալիքով սպասում ենք տեսնելու Հարավային Կովկասը որպես գրավիչ մի հանգույց միջազգային առևտրի, միջազգային ներդրումների և տնտեսական շարժունակության համար»,-ասել է Դարսալիան:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը նույնպես մասնակցում «Երևանյան երկխոսությանը», ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ չեն քննարկել սահմանի բացման ժամկետների հարցը:





