AM
5 Մայիս 2026 - 14:21 AMT

Ֆոն դեր Լայեն. ՀՀ-ն և ԵՄ-ն առաջընթաց են գրանցում վիզաների ազատականացման հարցում

Հայաստանը և Եվրամիությունը առաջընթաց են գրանցել վիզաների ազատականացման գործընթացում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա այս մասին գրել է X-ի միկրոբլոգում:

«Մենք առաջընթաց ենք գրանցում վիզաների ազատականացման հարցում։ Գիտեմ, որ դա մեծապես կարևոր է հայերի համար։ Դա նաև կարևոր է ԵՄ-ի համար, քանի որ այն մեր ժողովուրդներին ավելի է մոտեցնում իրար։ Վստահ եմ, որ մենք կհասնենք դրան», – նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Մայիսի 5-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը:

Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի գրանցած առաջընթացը՝ ընդգծելով իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում։

Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս ընդգծել է զեկույցի կարևորությունը՝ բարձր գնահատելով վերջին ամիսներին կատարված աշխատանքը և վստահություն հայտնելով, որ գործընթացը հաջողությամբ շարունակվելու է։