AM
6 Մայիս 2026 - 07:05 AMT

Ռումինիայի նախագահը շուտ է հեռացել ՀՀ-ից՝ կառավարության հրաժարականի պատճառով

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, որը Երևանում մասնակցում էր ԵՄ գագաթնաժողովին,նախատեսվածից շուտ է մեկնել Հայաստանից և վերադարձել Բուխարեստ՝ կառավարության հրաժարականի պատճառով, հայտնում է Auroranews.am-ը:

Ռումինիայի խորհրդարանը՝ Պատգամավորների պալատը և Սենատը, անվստահության քվե է հայտնել եվրոպամետ վարչապետ Իլիե Բոլոժանի՝ Ազգային-լիբերալ կուսակցության կառավարությանը, հայտնում է Deutsche Welle-ն:

Մայիսի 5-ին անցկացված քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել 281 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ևս 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Ինչպես նշել է dpa գործակալությունը, անվստահության քվեն ընդունելու համար բավարար էր 233 ձայնը։

Այժմ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը պետք է խորհրդարանին առաջարկի վարչապետի պաշտոնի նոր թեկնածու։ Եթե պատգամավորները հերթականությամբ մերժեն երկու թեկնածություն, երկրի նախագահը իրավունք կունենա արձակել խորհրդարանն ու նշանակել արտահերթ ընտրություններ։

Քվեարկության նախաձեռնությամբ հանդես են եկել ազգայնական աջ պոպուլիստական «Ռումինացիների միավորման դաշինք» (AUR) կուսակցությունը, Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (PSD), որը մինչև վերջերս եղել է իշխող կոալիցիայի անդամ, ինչպես նաև «Խաղաղություն՝ առաջին հերթին Ռումինիայի համար» խմբակցությունը։ Այս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները Բոլոժանին մեղադրել են խնայողությունների քաղաքականության մեջ, ինչպես նաև քննադատել են խոշոր պետական ընկերություններում բաժնեմասերի վաճառքի և վնասաբեր պետական ձեռնարկությունների մասնավորեցման ծրագրերը։

Դանը նախկինում նշել է, որ վարչապետի պաշտոնում չի առաջադրելու այնպիսի թեկնածուի, որին աջակցում է «հակաարևմտյան» AUR-ը։ PSD-ն և AUR-ը մերժել են կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, մի շարք դիտորդներ առայժմ ամբողջությամբ չեն բացառել նման սցենարը։

Բոլոժանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հունիսից։ Նրա հիմնական քաղաքական նպատակը պետական ֆինանսների առողջացումն է եղել։ Նա փորձել է կատարել Եվրամիության պահանջները, որպեսզի երկիրը հասանելիություն ստանա Բրյուսելի SAFE անվտանգության ծրագրի շրջանակում նախատեսված հիմնադրամներին։

Հարկերի բարձրացման և սուբսիդիաների չեղարկման շնորհիվ Բոլոժանին հաջողվել է բյուջեի դեֆիցիտը 2024 թվականի համախառն ներքին արդյունքի 9․3 տոկոսից հասցնել 2025 թվականին 7․9 տոկոսի։ Բացի այդ, dpa-ի գնահատմամբ, նա ծրագրել է պետական կառավարման համակարգի օպտիմալացում։