AM
6 Մայիս 2026 - 09:04 AMT

Սիմոնյանը` Մինսկի նոտայի մասին․ ՀԱՊԿ-ում գործընկեր ՀՀ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունքն է հարաբերությունները վատացնում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր հայտարարությունների վերաբերյալ Բելառուսի արձագանքին` նշելով, որ ինքը խորհրդարանական գործիչ է և ավելի ազատ է իր խոսքերում:

«Ես կարծում եմ՝ Հայաստանի` ՀԱՊԿ-ում գործընկերոջ, և ՀՀ պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները. Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Սիմոնյանը շեշտել է, որ քաղաքական կուրսը յուրաքանչյուր պետության ընտրության հարցն է։

«ՀՀ-ի համար մարդու իրավունքներն ու ազատությունները կարևորագույն արժեքներ են, և ես կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը:

Ես խորհրդարանական գործիչ եմ և ավելի ազատ եմ, քան որևէ կոնկրետ գերատեսչության պատասխանատու կամ ոլորտ ներկայացնող մարդիկ. խորհրդարանականները շատ ավելի ազատ են իրենց խոսքերում և մտքերն արտահայտելիս»,-ասել է նա:

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, նրան բողոքի նոտա է հանձնվել:

Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ խոսնակ Ռուսլան Վարանկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները, ասել էր, որ «Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածի ուշադրությունը ծանրագույն ներքին խնդիրներից շեղելու հուսահատ փորձ»:

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

ՀՀ և Բելառուսի հարաբերությունները վատթարացել են 2024-ից ի վեր, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այցելելով Լեռնային Ղարաբաղ, հայտարարել էր, որ 2020-ի պատերազմից առաջ ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։