AM
7 Մայիս 2026 - 06:28 AMT

ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն քննարկել են Հայաստանի ու Լատվիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսությանը զուգընթաց տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրագործման հարցերը։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում։

Կողմերը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձևավորված պայմանավորվածություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջխաղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Քննարկման առարկա են դարձել նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության թեմաները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։