AM
7 Մայիս 2026 - 06:52 AMT

Առաջին անգամ ՀՀ է ժամանել Միջազգային քրեական դատարանի գործող նախագահը

Միջազգային քրեական դատարանի գործող նախագահ Տոմոկո Ականեն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան ընդունել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբի 19-րդ պետությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքագրմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։

Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։

Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմների զարգացման, ինչպես նաև կառուցողական երկխոսության շարունակման պատրաստակամությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին և այլ պաշտոնատար անձինք։