Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին, վստահություն է հայտնել, որ բացի գերիների հարցից, «Արցախի ու արցախցիների հետ կապված ոչ մի այլ հարց չի քննարկվել եվրոպական առաջնորդների հետ»:
Նա հավելել է, որ բողոքի ակցիաների հիմնական նպատակներից մեկը տեղեկատվական ուշադրություն գրավելն է եղել, ինչը լրացուցիչ հնարավորություն է տվել իրենց ձայնը հասցնելու տարբեր հարթակների, հայտնում է «Փաստինֆոն»:
«Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ նվազագույն նպատակին հասել ենք, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ մի քանի ակցիայով, նամակներ հղելով մեր հարցերն արագ չեն լուծվի։ Պարզապես ակցիաների միջոցով մենք ցույց ենք տվել նվազագույնը , որ չենք հանդուրժում այս իրավիճակը և կան բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է նա։
Բեգլարյանը նշել է, որ եվրոպական առաջնորդներին հասցեագրված նամակները նախապես էլեկտրոնային փոստով փոխանցվել են դեսպանատներին։
«Նրանք, ենթադրաբար, պիտի ներկայացնեին իրենց ղեկավարների աշխատակազմերին, բայց չենք կարող ասել՝ նամակները տեղ են հասե՞լ, թե՝ ոչ»,- ասել է նա։
Արցախցի նախկին պաշտոնյան ընդգծել է, որ չի կարող հստակ ասել, թե Նիկոլ Փաշինյանն ու եվրոպացի պաշտոնյաները փակ հանդիպումների ընթացքում ինչ թեմաներ են քննարկել։
«Բայց վստահ եմ, որ բացի գերիների հարցից, Արցախի ու արցախցիների հետ կապված ոչ մի այլ հարց չէր քննարկվի եվրոպական առաջնորդների հետ, որովհետև Հայաստանի իշխանությունները հստակորեն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի թեման ամբողջապես փակ լինի և արցախցիների ձայնը որևէ կերպ չլսվի, տեղ չհասնի։ Դրա համար զուտ գերիների հարցն է մնացել՝ որպես միակ հումանիտար հարց, նաև այն պատճառով, որ բավականին հանրային ճնշում կա այդ թեմայով և այս տեսանկյունից պետք է ճնշումն անընդհատ մեծացնել, որպեսզի ՀՀ իշխանությունները տեղից շարժվեն»,- ասել է նա:
Բեգլարյանը հավելել, որ ադրբեջանական ու հայկական իշխանությունների գործելաոճն ու առաջնահերթությունները հաշվի առնելով՝ մեծ է հավանականությունը, որ ընտրություններից առաջ գերիներից ոմանք ազատ արձակվեն։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի պատվին կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հնչեցրած բաժակաճառերին, որոնց ընթացքում պաշտոնյաները որոշակի մանրամասներ են ներկայացրել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման մասին, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահի կողմից այդ իրադարձություններին տրված «արդար» գնահատականին, Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ առկա իրավիճակը չի կարող արդար համարվել։
«Միջազգային հանցագործություններ են տեղի ունեել՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, էթնիկ զտում։ Ընդ որում, նույն Մակրոնի պաշտոնյան՝ Ֆրանսիայի արգործնախարարը հենց ինքն է «էթնիկ զտում» տերմինն օգտագործել, կամ Ալիևը որ ասել է Մակրոնը 2020թ. պատերազմի ընթացքում զանգահարել ու սպառնացել է, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, էլ չասեմ Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի բազաթիվ բանաձևեր, որոնք հստակ պարտավորեցնում են նաև Ֆրանսիայի իշխանություններին, որ կան միջազգային պարտավորություններ, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշում և այլն։
Փաստորեն, պետք է Ալիևը Ֆրանսիայի տարածքի հանդեպ ոտնձգություններ աներ, վիրավորեր ֆրանսիացի պաշտոնյաներին, որպեսզի դրանից հետո հանկարծ Մակրոնի մոտ մի բան առկայծեր, որ հասկանար՝ արդար լուծում է տեղի ունեցել, կամ Նիկոլ Փաշինյանն է ականջին շշնջացել, որ սա իր ու Ալիևի իշխանության համար ամենաարդար լուծումն է»,- ասել է Բեգլարյանը։
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։





