ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով նախաստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։
«FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին»,- ասվում է է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։





