AM
7 Մայիս 2026 - 10:04 AMT

Կարապետյան․ Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ընտրություններից հետո ինքն է լինելու վարչապետ:

Նա ընդգծել է, որ իր վստահությունը հիմնված է ոչ միայն սոցհարցումների արդյունքների, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշի վրա, հայտնում է Panorama.am-ը:

«Այդ վարկանիշը դուք ինձանից լավ եք տեսնում։ Հիմա մենք անում ենք առաջին քայլը, գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով՝ թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից։ Բայց դուք տեսնում եք մեր դեմ կիրառվող բոլոր ապօրինությունները։ Դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն։ 25% ռեյտինգ ունենալով՝ իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում։ Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք»,-ասել է Կարապետյանը։

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է անելու Սամվել Կարապետյանը, եթե ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստանը» չդառնա իշխանություն՝ հայտարարելու է, որ ընտրությունները կեղծվա՞ծ են, վերցնելո՞ւ են մանդատները և ընդդիմադիր գործունեությո՞ւն են ծավալելու Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում, թե՞ կա այլ տարբերակ։ Հարց է հնչել նաև այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկի քաղաքական ուժը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կասեցնի կուսակցության գրանցումը, ինչը, ըստ լրագրողի, բացառված չէ։

«Գիտե՞ք, պլան Բ-ն ունի հայ ժողովուրդը։ Ես ի՞նչ պետք է անեմ։ Հայ ժողովուրդն ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, մենք վստահ ենք դրանում»,- ասել է ետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք»,- ասել է նա:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Կարապետյանն ասել է, որ «չկա որևէ ուժ, որ կարող է իրեն ունեզրկել», հայտնում է «Ազատությունը»:

Հայաստանի վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել էր, թե մտահոգվում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել իր ամբողջ ունեցվածքը։

Հարցին՝ եթե չհաղթեն, վերցնելո՞ւ են մանդատները, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հստակ պատասխան չի տվել և կրկին պնդել է, որ ընտրություններից հետո ինքն է լինելու վարչապետը։

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսի հետ դաշինքի չկայացմանը՝ Կարապետյանը պարզաբանել է, որ տարբեր ուժերի հետ քննարկումներ են ունեցել, սակայն օրակարգերի միջև տարբերություններ են նկատվել։

«Իրենք առաջարկել են իրենց օրակարգը, տեսել ենք, որ դրան մի քիչ չեն համապատասխանում, դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին՝ իրենց:

Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել՝ ինքը փորձառու փ քաղաքական գործիչ է, և, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները։ Մենք գնալու ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի, և վստահ ենք, որ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը և ձևավորելու ենք կառավարություն»,- նշել էԿարապետյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե իրենց ընկալում են որպես պրոռուսական քաղաքական ուժ, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ լավ հարաբերություններ են կառուցելու բոլոր այն երկրների հետ, որոնցից Հայաստանը կարող է օգուտ ստանալ։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը նշել է. «Այնտեղ սփյուռք կա և պարտավոր ենք այդ երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ, որ մարդիկ այնտեղ նորմալ ապրեն։ Ցանկացած սխալ պահվածք պետության ղեկավարի կողմից սփյուռքի վրա անդրադառնում է շատ թանկ: Ինչ վերաբերում է ռուսամետությանը, ես չեմ համարում ՌԴ-ին մեզ թշնամի բայց ինձ կարևոր է Հայաստանի շահը»։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ ևս պետք է կառուցվեն բնականոն հարաբերություններ՝ Հայաստանի շահերից ելնելով։

«Ես հասկանում եմ, որ հենց բացեցինք սահմանը գյուղատնտեսություն չենք ունենա: Ինձ համար դա չի լինելու կյանքի խնդիր»,-ասել է նա:

Արձագանքելով հարցին, թե Հայաստանը տանելո՞ւ են միութենական պետությանմաս, Սամվել Կարապետյանը հայտարարել է. «Այդ խոսույթներն իրենց մասին են: Հենց Փաշինյանը վերընտրվի, Ադրբեջանի գուբերնիա կդառնանք: Հիմա ինքը Ադրբեջանի մարզպետն է»,- նշել է նա։

Նա նշել է, որ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կախված է ՌԴ-ից:

«Ես ուզենամ էլ՝ ավելի բարձր մակարդակի չեմ կարող հասցնել: Իրենք հնարավորություն ունեն մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ դուրս չեն գալիս, վախենո՞ւմ են»,- հայտարարել է Կարապետյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: