«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին Սահմանադրությունն արգելում է լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Radar Armenia-ն:
«Ձեր նշած անձն ընդհանրապես կապ չունի՝ ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու: Հիմա ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն են ընկե՞լ։ Էդ մարդը ֆեյք է, ֆեյք թեկնածու։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային թեկնածու են բերել ՀՀ՝ օգտագործելու համար։ Չի կարող լինել։
Աշխարհը կեսից կիսվի, ձեր նշած անձը չի կարող։ ԱԺ ընտրություններից հետո առաջին նիստի օրվա դրությամբ պետք է նշանակված լինի վարչապետ»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու է գործարար և բարերար Սամվել Կարապետյանին անվանում «կալուգացի օլիգարխ», այն դեպքում, երբ նրան ճանաչում են որպես տաշիրցի, և նա իր ծննդավայրի անունը հայտնի է դարձրել աշխարհում, հայտնում է Panorama.am-ը:
«Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածք կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն, այդ տարածքն իրենց համար գողության, հանցավորության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրականում բարեգործության անվան տակ թալանվել է հանրապետությունը։
«Բա ինչու քաղաքացիները չեն ասում. «Չէ՞ որ մեր հաստագլուխ և հաստավից բարեգործներն այդքան բարեգործություն են արել, դուք ինչո՞ւ եք պետական բյուջեով էդքան մանկապարտեզ կառուցում, ճանապարհներ, ջարգիծ լուսավորություն ինչու եք կառուցում»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով. Էդ մարդկանց կոռուպցիոն հովանավորները չլինեին՝ այդ մարդիկ միջին վիճակագրական խավի ներկայացուցիչ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի»,-asel 1 na:
Փաշինյանը պնդել է, որ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունները Հայաստանի սահմաններից դուրս են։
Արձագանքելով հարցին, թե ինչու է ՔՊ-ին մոտ կանգնած լրատվամիջոցը տեղեկություն տարածում, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստանը» իր ձայները փոխանցելու է Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանը նշել է. «Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է։ Ինչպես հիբրիդային լուրերն են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային ֆեյք թեկնածու են բերել ՀՀ-ում օգտագործելու համար»։
Վարչապետը նաև հայտարարել է, որ խորհրդարանում խնդիր է դրել, որպեսզի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» խորհրդարանական ընտրություններում չհաղթահարի անցողիկ շեմը։





