AM
7 Մայիս 2026 - 11:00 AMT

ՄԻՊ-ը` գերիների մասին․ Ես հրապարակային դիրքորոշում հայտնել եմ

Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, որովհետև սա չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ հարցերին։

Նա նշել է, որ իր հրապարակային դիրքորոշումը հայտնել է, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Բաքու այցի հետ կապված առաջարկություններին, նա նշել է. «Այցի նպատակը չի կարող լինել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գնա, այլ պետությունում մշտադիտարկում իրականացնի։ Եթե մշտադիտակում իրականացնելը չէ նպատակը, ո՞րն է նպատակը։ Մենք պետք է նպատակները հստակ ներկայանցնեք»։

Նա նշել է, որ չկա որևէ միջազգային հարթակ, որտեղ այդ հարցն իր կողմից չի բարձրաձայնվել, սակայն այս փուլում չի կարող հավելյալ մանրամասներ ներկայացնել։

«Ես ազատությունից զրկման առաջին փուլից հրապարակային դիրքորոշում եմ հայտնել, որ, իմ խորին համոզմամբ, այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին ու արժեքներին համապատասխանող»,- ասել է ՄԻՊ-ը։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ այս դատը 15 հոգու դեմ չէ, «այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»: Նա հորդորել է ՀՀ ՄԻՊ-ին միջնորդել և Ադրբեջանից ստանալ հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով դատավճռի ամբողջական տեքստը: