AM
7 Մայիս 2026 - 12:47 AMT

ՀԿԿ․ Օրենբուրգցի հայ գործարարը կաշառք է խոստացել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով

Սյունիքում բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր, կան ձերբակալվածներ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Նշվում է, որ փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ ՌԴ Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։

Ծանուցում.հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: