AM
7 Մայիս 2026 - 13:07 AMT

Փաշինյան. Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնեմ իրավական առումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց կներկայացնի հայտնի գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակացության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ՝ վերջինիս հայտարարություն համար: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան եթերում:

«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ: Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և, բառիս իրավական իմաստով, մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու: Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց, ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի։

Հազար ասեցինք՝ սա Նիժնի Տապռի գեղը չի։ Չեք հասկանում՝ կհասկացնենք»,-նշել է նա:

Կարապետյանը, անդրադառնալով Փաշինյանի իրեն հասցեագրված «բոմժ դառնալու» մասին հայտարարություններին և նրա կիրառած բառապաշարին, ասել էր, որ ուզում է մի գաղտնիք բացել, հայտնում է Panorama.am-ը:

«Ես ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Անցյալ տարի երբ նա գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Նա այնտեղ փորձել էր, դուրը եկել էր»,- ասել էր Կարապետյանը:

Նա, հղում անելով իր տեղեկություններին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը այդ սնկից մոտ մեկ տոննա գնել և իր հետ Հայաստան է բերել։

«Դրա համար ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ Ազգային Ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից, և իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Դա սնկերի շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքն արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, մեր ժողովուրդը կտա իր գնահատկանը»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում մեկնաբանել Փաշինյանի «երազները»։

Հունվարին Telegraph պարբերականը հայտնել էր, որ Չինաստանում գտնվող բրիտանական պատվիրակությունը՝ վարչապետ Քիր Սթարմերի գլխավորությամբ, Պեկինի հայտնի ռեստորաններից մեկում պատվիրել է հալյուցինոգեն սունկ։

«Երբ Սթարմերը չորեքշաբթի օրը ժամանել է Չինաստան, նրա առաջին կանգառը հայտնի «Յի Ցզուո Ի Վան» ռեստորանն էր, որը հայտնի է իր հալյուցինոգեն սնկերով։ Վարչապետի 140 հոգանոց պատվիրակությունը ամրագրել է ամբողջ ռեստորանը և անմիջապես պատվիրել հաստատության ամենահայտնի ուտեստները, այդ թվում՝ հայտնի «Ցիան Շոու Ցինգ» սնկերը, որոնք կարող են հալյուցինացիաներ առաջացնել, եթե սխալ պատրաստվեն»,- գրել էր աղբյուրը։