Արդարադատության ծառայության պրոբացիայի ծառայությունից ԿԸՀ-ին հավաստիացրել են, որ տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը կարգավորված է, և նրանք հնարավորություն կունենան մասնակցել քվեարկությանը։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, հայտնում է Panorama.am-ը:
«Մեզ ասում են՝ մի անհանգստացեք, տնային կալանքում գտնվող ընտրողները, ովքեր կցանկանան գնալ տեղամաս ու քվեարկել, մենք իրենց իրավունքի իրացումը կապահովենք, այսինքն իրենց կուղեկցեն ընտրատեղամաս»,- ասել է Հովակիմյանը։
Այս պահին տնային կալանքի տակ են «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, Միքայել սրբազանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող այլ քաղաքական և հասարակական գործիչներ։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





