AM
7 Մայիս 2026 - 14:52 AMT

Փաշինյան. Ուկրաինայի հարցում մենք դաշնակից չենք ՌԴ-ի հետ

Ուկրաինայի հարցում Հայաստանը դաշնակից չէ ՌԴ-ի հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երևան այցի և դրա շուրջ հնչող քննադատությունների վերաբերյալ հարցին։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագիրը, որի հիման վրա Երևանը կառուցում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։

«Դուք գիտեք, թե Ալմաթիի հռչակագիրն ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, և մենք հենվում ենք այդ հռչակագրի վրա և այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- նշել է վարչապետը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևան է այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Զելենսկու այցին Երևան, ասել է․ «Այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։

Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը ցույց է տվել, թե ինչ ապագա է Եվրամիությունը պատրաստում Հայաստանին։