Մեկնարկել է հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժ։
Քաղաքական ուժերի մի մասն արդեն հրապարակել է մայիսի 8-ի քարոզարշավային միջոցառումների ժամանակացույցը, հայտնում է Արմենպրեսը:
Մասնավորապես, ժամը 10:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի Ազգային ժողովի շենքի առջև, որտեղ նախատեսվում է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը։ Երեկոյան՝ ժամը 19։00-ին, Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, կանցկացվի օրվա հիմնական ամփոփիչ միջոցառումը։
Ժամը 11:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից՝ Բաղրամյան 1 հասցեից, կուսակցության ներկայացուցիչները կմեկնեն Երասխ, որտեղից էլ կմեկնարկի նրանց քարոզարշավը։
Գոշավանքում ժամը 11:00-ին կմեկնարկի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները կլինեն նաև Իջևանում և հարակից Աչաջուր ու Ազատամուտ գյուղերում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավ կանցկացնի Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները մայիսի 8-ին ժամը 10։00-ին կլինեն Գորայքում, 11։00-ին՝ Անգեղակոթում, 12։00-ին՝ Բռնակոթում, 12։40-ին՝ Սիսիանում, 15։00-ին՝ Կոռնիձորում, 15։50-ին՝ Տեղում, 16։50-ին՝ Խնձորեսկում, 18։00-ին՝ Գորիսում, իսկ 19։30-ին՝ Շինուհայրում։
Մայիսի 9-ին ժամը 12։00-ին ՔՊ ներկայացուցիչները կլինեն Ագարակում, 14։00-ին՝ Մեղրիում, 16։40-ին՝ Քաջարանում, 18։10-ին՝ Կապանում։ Ժամը 19։30-ին Կապանի Գ․ Նժդեհի հրապարակում նախատեսվել է մեծ հավաք։
Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավը կսկսի նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացմամբ։
Ազգային-ժողովրդավարական բևեռը ևս քարոզարշավը կմեկնարկի Ազգային ժողովի շենքի դիմաց՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։
«Հայաստան» դաշինքը քարոզարշավը կսկսի ժամը 18:00-ից՝ Էջմիածնի «Անմար կրակի» հրապարակից։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ժամը 14:30-ին Երևանի Հանրապետության 56/1 հասցեից։
Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





