AM
8 Մայիս 2026 - 07:58 AMT

Սահակյան․ Գերիների վերադարձի խնդիրը պատանդային քաղաքականության դիվանագիտության մաս է

Գերիների վերադարձի խնդիրը քաղաքականացվել է արտաքին հարթակում և դարձել է պատանդային քաղաքականության դիվանագիտության մաս, հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Նա ընդգծել է, որ առաջնահերթությունը նրանց ազատ արձակումն է, հայտնում է Aysor. am-ը:

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը Բաքվից հայտարարություն է տարածել ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ։ Բաքվի բանտից ՀՀ ՄԻՊ-ին դիմել էր նաև Դավիթ Իշխանյանը։

«Ի թիվս այլ խախտումների՝ հենց այդ խնդիրը ևս բարձրաձայնվում է։ Այս հարցով դիմել են նաև ադրբեջանական ՄԻՊ-ին։ Սա կարող է դիտվել որպես հնարավորություն, որպեսզի Ադրբեջանի ՄԻՊ-ը, որը մշտապես քողարկել է հայերի հանդեպ կատարված բռնությունները, փորձի միջազգային հարթակում ցույց տալ, թե իր միջամտությամբ լուծվում են նաև հայերի խախտված իրավունքներին առնչվող հարցեր։ Կարծում եմ՝ ճիշտ գործելակերպի դեպքում նա պետք է շահագրգռված լինի ապահովելու այս իրավունքի իրացումը, հատկապես, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բոլոր դեպքերում Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ներկայացնել դատավճիռները։

Երբ դատարանը ստանում է նյութերը, հայկական կողմը անխուսափելիորեն հասանելիություն է ունենում դրանց։ Չտրամադրելը, կարծում եմ, միայն վատթարացնելու է Ադրբեջանի դիրքերը և ավելի հեշտացնելու է հետագա գործընթացները ՄԻԵԴ-ում»,-ասել է Սահակյանը:

Նա շեշտել է, որ անկախ մյուս խնդիրներից՝ ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների ազատ արձակումը, և որևէ այլ թեմա չի կարող գերակայել դրա նկատմամբ։ Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերաբերյալ նա նշել է, որ այնտեղ հստակ բարձրացվել է պատասխանատվության հարցը՝ կապված Բաքվում պահվող անձանց հետ։

«Սա բավական նուրբ և մասնագիտական հարց է ՄԻՊ-ի մանդատի տեսանկյունից։ Հայաստանի ՄԻՊ-ը իրավասություն չունի քննարկելու Ադրբեջանի պետական մարմինների գործողությունները և, բնականաբար, իրավական սուբյեկտ չէ, որը կարող է պարտադիր առաջարկներ ներկայացնել Ադրբեջանի իշխանություններին։ Միաժամանակ հասկանալի է, որ գերությունում գտնվող մարդիկ առաջին հերթին դիմում են Մարդու իրավունքների պաշտպանին։ Առաջնային հասցեատերը այս դեպքում պետք է լինի Արտաքին գործերի նախարարությունը և ընդհանրապես՝ Հայաստանի գործադիր իշխանությունը, քանի որ հենց նրանց միջնորդությամբ է հնարավոր ապահովել քաղաքացիների հետ տեսակցությունները, այդ իրավունքը ամրագրված է Վիեննայի կոնվենցիաներով։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը, ըստ էության, հենց այդ հարցադրման մասին է՝ եթե ՄԻՊ-ը չէ, ապա ո՞ր պետական մարմինն է ստանձնում այս գործընթացների պատասխանատվությունը»,-նշել է նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե ընտրական գործընթացները կարող են ազդեցություն ունենալ գերիների վերադարձի վրա, Սահակյանը նշել է, որ ներկայումս էլ կան իրադարձություններ, որոնց համադրությունը կարող է ավելի բարենպաստ միջավայր ստեղծել՝ գերիների վերադարձի կամ այլ մարդասիրական առաքելությունների համար։

«Գերիների վերադարձի խնդիրը քաղաքականացվել է արտաքին հարթակում և դարձել է պատանդային քաղաքականության դիվանագիտության մաս։ Այդ պատճառով խնդրի լուծումը հաճախ կապվում է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ։ Այդ պահանջները փոփոխական են, բայց ընդհանուր տրամաբանությունը այն է, որ բանակցային գործընթացում որոշակի պահանջների բավարարումը կարող է բերել առաջընթացի։

Միջազգային ներգրավվածությունը որոշակի չափով աջակցում է գործընթացին և բարձրացնում խնդրի տեսանելիությունը։ Ես չեմ համարում, որ ընտրությունները միակ կամ բացառիկ դոմինանտ գործոնն են, քանի որ եղել են վերադարձի դեպքեր նաև անկախ ընտրական գործընթացներից։ Հնարավոր է նաև, որ Ադրբեջանի համար ավելի մեծ նշանակություն ունեն այլ քաղաքական հարցեր, օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, քան ընտրությունների արդյունքը։

Հարցին արտաքին խնդրի քաղաքականացումն է պատճառը, որ այն չի լուծվում միայն մարդասիրական տրամաբանության շրջանակում։ Գերիների ազատ արձակումը հաճախ կախված է քաղաքական դինամիկայից, որը կարող է կամ նպաստել, կամ դանդաղեցնել գործընթացը»,-ասել է Սահակյանը:

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։