AM
8 Մայիս 2026 - 08:03 AMT

Փաշինյանը` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավարին․ Ընտրությունների մասնակից քաղուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ

Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար, մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչի հետ հանդիպմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցերին։

Փաշինյանը կարևորել է դիտորդական առաքելությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով, որ դրա ապահովման համար ևս առկա են բոլոր հնարավորությունները։

Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար և թափանցիկ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա ընտրությունները նույնպես կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։

Յանեժ Լենարչիչը նշել է, որ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքում։

Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։