AM
8 Մայիս 2026 - 09:08 AMT

Չալաբյան․ Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության

Ընդդիմության գլխավոր նպատակը ընտրողին ընտրության բերելն ու ընդդիմադիր դաշտի առաջատար ուժի օգտին համախմբելն է, հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Գործող իշխանությունը, որն ընդհանրապես որևէ օրենքի չի ենթարկվում, որի անդամները համատարած զբաղված են ընտրակաշառք բաժանելով՝ սոցիալական օգնությունների, խոստումների անվան տակ, ընտրություններից մեկ ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելով, հարկերը իջեցնելով, հստակ գիտակցում է, որ այդ ամբողջ գործիքակազմն ինչ-որ իմաստով սպառել է իրեն և այլևս ընտրատրամադրություննի վրա չի ազդում»,- ասել է նա ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկնարկած քարոզարշավի ընթացքում, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտում առաջատարը Սամվել Կարապետյանն է, ինչը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը ցանկանում է տեսնել նոր ուժ և թարմություն։

«Նոր ուժ, որը ոչ միայն կապ չունի Փաշինյանի և իր վարչակույտի հետ, այլև՝ նախկին իշխանությունների հետ, և պատրաստ է նոր մոտեցումներ բերել, նոր պատասխանատվություն ստանձնել։ Դրա համար էլ նրանք արդեն թողել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ ծառուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և իրենանց ամբողջ քարոզչական և ադմինիստրատիվ ռեսուրսն ուղղել են «Ուժեղ Հայաստանի» դեմ»։ Դա զարմանալի չէ»,-հայտարարել է Չալաբյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները կձախողեն, որովհետև այդ ամենը արդյունք չի տալիս։

Չալաբյանը նշել է, որ ոչ մի սոցիոլոգիական հարցում գործող իշխանությանը բացարձակ առավելություն չի տվել, այլ արձանագրել է ընդդիմադիր դաշտի առավելությունը։

Նա հավելել է, որ որ կարևորն ընդդիմադիր 70 % ձայները չփոշիացնելն է։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։