AM
8 Մայիս 2026 - 09:34 AMT

Բալահովիտում ՔՊ շտաբի պետի ներկայությամբ հնչած կրակոցների գործով 4-րդ անձին է մեղադրանք ներկայացվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված միջադեպով 4-րդ անձին է մեղադրանք ներկայացվել։

Քննչական կոմիտեից մեղադրյալի անունը չեն հայտնել, սակայն նշել են, որ նա մեղադրվում է սպանության փորձին օժանդակելու համար, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է, հայտնում է Factor․am-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, մեղադրյալի անունը Հրաչյա Ստեփանյանն է։ Հայտնի է նաև, որ գործով անցնող մյուս երեք անձինք Հայաստան են եկել Բելառուսից, իսկ կալանավորված Հրաչյա Ստեփանյանի վերաբերյալ այս պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվել։

Օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը, պատուհանի ապակին իջեցրելով, բղավել է ու երկու անգամ կրակել է օդ։ ՔԿ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով։