AM
8 Մայիս 2026 - 10:40 AMT

Աբրահամյան․ ՀՀԿ-ն իր ամբողջ կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը

ՀՀԿ-ն իր ամբողջ պոտենցիալն ու կարողությունը դնելու է ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով մեկնարկած քարոզարշավին:

«ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պետք է դիտարկել այս շրջանակներում։ ՀՀԿ-ն իր մասով անելու է առավելագույնը։ Հավաստիացնում եմ, շատ ու շատ հարցերում մենք այսօր աշխատում ենք շատ ընդդիմադիր ուժերի հետ. ով, որտեղ ունի մեր կարիքը, որ մարզում, բնակավայրում տեսնում են, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել խոսքով, ներկայությամբ, նպաստել ընդհանուր հաջողությանը, ՀՀԿ-ն այդ ուժերին օգնում է »,- ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Աբրահամյանը նշել է նաև, որ 34 տարի առաջ այս օրերին սկսվեց Շուշիի հաղթական օպերացիան:

«Այն հստակ ուղերձ էր հայ ժողովրդից աշխարհին առ այն, որ հայը վախկոտ, պարտվող չէ, նվիրյալների առաջնորդության պարագայում հայը մշտապես հաղթել է»,- ասել է նա:

Ըստ նրա, որքան էլ այսօրվա իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ հայը հաղթելու հնարավորություն չունի, և իր զիջողականությունն ու պարտվողականությունը դրանով է պայմանավորված, հայ ժողովրդի պատմության բազմաթիվ դրվագներ ցույց են տվել հայ ժողովրդի պայքարի ոգին և կամքը՝ իր բնօրրանում ապրելու և իր ազատության համար ճակատամարտելու նպատակով։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։