Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։
Հրաժարականը, հավանաբար, կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ, գրում է Արմենպրեսը:
Մայիսի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բոլոր այս պաշտոնանկությունները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանքներ են առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։





