«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում մեկնարկած քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել։
«Ղարաբաղյան շարժման հետ կապված գործոնները տարիներ շարունակ օգտագործվել են մեր պետության առաջընթացը թույլ չտալու համար։ «Մենք արել ենք մի շատ կարևոր արձանագրում. մենք շատ դժվար որոշում ենք կայացրել, և դա այն է, որ դադարեցնենք Ղարաբաղի շարժումը»,– ասել է նա կոռնիձորցիների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաշինյանը նշել է, որ գործող իշխանություններին հաճախ մեղադրել են տարածքներ կորցնելու մեջ, սակայն դա, ըստ նրա, արդար չէ, քանի որ այդ տարածքները «երբեք մերը չեն եղել, որպեսզի դրանք կորցնենք»։
«Ինքներս մեզ հավատացրել ենք, որ դա մերն է։ Էդ տարածքները ոչ միայն մեզ չեն պատկանել, այլև այդ տարածները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության ու սեփականության իրավունքը թուլանա, թուլանա, թուլանա»,– հավելել է Փաշինյանը։
ՔՊ–ի վարչապետի թեկնածուն նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծման առաջին իսկ օրվանից գտնվել է թակարդում, իսկ իրենց քաղաքական ուժը ունեցել է համարձակություն առերեսվելու այդ իրականության հետ և դուրս բերելու պետությունը թակարդից։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։





