AM
11 Մայիս 2026 - 06:25 AMT

Միրզոյանը՝ Պուտինի խոսքերի մասին․ «Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք»

Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, իսկ Եվրամիության անդամակցության վերաբերյալ որոշումը կընդունի համապատասխան պահին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, թե Հայաստանը պետք է որոշի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե քաղաքակիրթ կերպով ապահարզան պահանջել և շարժվել դեպի ԵՄ, հայտնում է News.am-ը:

«Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ գաղտնիք չէ՝ Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թեգլխավոր տնտեսական գործընկեր Մոսկվայի հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ:

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է: