«Հայաստան» դաշինքը դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գեղամասարում ունեցած ելույթում հայտարարել է, որ պատերազմից հետո մարզում անվտանգային և տնտեսական լուրջ խնդիրներ էին առաջացել, iսկ առավել վտանգավոր է այն, որ հարևան պետությունը հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամբ։
«Երբ ասում է «Արևմտյան Ադրբեջան», այս տարածքներն է նկատի ունենում։ Երբ ասում է՝ «Գյոյչա»-ն իրենց լիճն է, այս տարածքներն են իր մտքում»,- հայտարարել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ճիշտ գնահատի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ նոր վտանգներից խուսափելու նպատակով։
«Եթե սխալ կողմնորոշվենք, եթե չհասկանանք՝ ինչ է կատարվում, իսկապես ևս մեկ փորձանք կարող ենք ունենալ»,- ասել է նա։
Դաշինքի առաջնորդն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղերի պակասի խնդրին՝ նշելով, որ հատկապես անասնապահությամբ զբաղվող բնակիչները դժվարությունների առաջ են կանգնել արոտավայրերի սահմանափակման հետևանքով։
«Այստեղ պետք է ստեղծել աշխատատեղեր։ Կարող է դա լինել հողագործություն, կարող է ենթադրել նաև արտոնություններ փոքր և միջին արդյունաբերական օբյեկտներ կառուցելու համար, բայց կարևորագույն հարցը աշխատատեղերն են»,- նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում բնակչության պահպանությունը երկրի անվտանգության կարևոր բաղադրիչ է։
«Մեր խնդիրը հետևյալն է՝ բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն։ Այլ տարբերակ փոքր երկրի համար սեփական երկիրը պահելու համար ուղղակի չունենք։ Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել»,- հայտարարել է նա։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։
Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Դաշինքը ԿԸՀ-ին ներկայացրել է 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից կազմված ցուցակ։





